Bible

Create

Inspiring Presentations Without Hassle

Try Risen Media.io Today!

Click Here

2 Kings 21

:
Armenian - NEA
1 Մանասեն տասներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և հիսունինը տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Եփսիբա էր։
2 Նա չար ընթացք ունեցավ Տիրոջ առջև, հետևեց այն ազգերի գարշությանը, որոնց Տերը վռնդել էր Իսրայելի որդիների առջևից։
3 Նա վերականգնեց իր հայր Եզեկիայի կործանած պաշտամունքի վայրերը, վերակառուցեց Բահաղի զոհասեղանը, վերականգնեց փայտե սյան պաշտամունքը, ինչպես արել էր Իսրայելի Աքաաբ արքան, երկրպագեց երկնքի բոլոր զորություններին ու պաշտեց դրանք։
4 Նա Տիրոջ տանը հեթանոսական զոհասեղան դրեց, որի մասին Տերն ասել էր. «Երուսաղեմում եմ դնելու իմ աթոռը»։
5 Տիրոջ տան բոլոր սրահներում նա երկնքի բոլոր զորությունների համար զոհասեղաններ պատրաստեց,
6 իր որդիներին ողջակեզ արեց, հմայություն արեց, թռչուններին նայելով գուշակություններ արեց, վհուկներ ու նշանագետներ պահեց։ Տիրոջ առջև շատ չարիքներ գործելով՝ բարկացրեց նրան։
7 Նա պաշտամունքային փայտե սյուն կանգնեցրեց Տիրոջ տանը, որի համար Տերն ասել էր Դավթին ու նրա որդի Սողոմոնին՝ «Իմ անունը հավիտյան դնելու եմ այս տան մեջ, Իսրայելի բոլոր ցեղերի միջից իմ ընտրած Երուսաղեմի մեջ։
8 Իսրայելի ոտքը դուրս չի գա այս երկրից, որը նրա հայրերին եմ տվել, եթե նրանք իմ բոլոր պատվիրաններն ու իմ ծառա Մովսեսի պատվիրած բոլոր օրենքներն զգուշությամբ կատարեն»։
9 Սակայն նրանք չլսեցին. Մանասեն մոլորեցրեց նրանց, և նրանք չարիք գործեցին Տիրոջ առաջ շատ ավելի, քան այն ազգերը, որոնց վերացրել էր Տերն Իսրայելի որդիների առջևից։
10 Տերը, խոսելով իր ծառա մարգարեների միջոցով, ասաց.
11 «Քանի որ Հուդայի արքա Մանասեն այս գարշություններն արեց իմ առջև, առավել չարիք գործեց, քան ամորհացիներն էին արել իմ առջև, իր կուռքերով Հուդայի երկրին մեղանչել տվեց,
12 ապա այդ պատճառով այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ահա ես այնպիսի չարիք պիտի բերեմ Երուսաղեմի ու Հուդայի երկրի վրա, որ ամեն ոք երբ լսի, նրա երկու ականջները խշշան։
13 Երուսաղեմը Սամարիայի և Աքաաբի տան օրը պիտի գցեմ։ Երուսաղեմը պիտի այնպես մաքրեմ իր բնակիչներից, ինչպես մի դյուրաբեկ անոթ, որ մաքրում ու երեսի վրա շուռ են տալիս։
14 Իմ ժողովրդի մնացորդներին իսկ պիտի լքեմ ու նրանց իրենց թշնամիների ձեռքը պիտի մատնեմ, որպեսզի նրանք ավար ու հափշտակություն դառնան իրենց բոլոր թշնամիների համար։
15 Այսպես պիտի վարվեմ, քանի որ իմ առջև չարություն գործեցին և Եգիպտոսից իրենց դուրս բերելու օրից մինչև այսօր ինձ բարկացնում են։
16 Մանավանդ Մանասեն չափազանց շատ անմեղ արյուն թափեց, այնպես որ Երուսաղեմը ծայրեծայր արյամբ լցրեց, բացի այն մեղքերից, որոնցով Տիրոջ առջև Հուդայի երկրին մեղանչել ու չարիք գործել տվեց”»։
17 Մանասեի մնացած գործերը, բոլոր արարքները և գործած մեղքերը նկարագրված են Հուդայի թագավորների ժամանակագրության մեջ։
18 Մանասեն գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց իր տան պարտեզում՝ Օզայի պարտեզում։ Նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Ամովնը։
19 Ամովնը քսաներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ։ Նա տասներկու տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Մեսոլոմիթ էր, նա հետեբալցի Արուսի դուստրն էր։
20 Նա իր հայր Մանասեի նման չար ընթացք ունեցավ Տիրոջ առջև,
21 գնաց իր հոր ընթացած բոլոր ճանապարհներով, պաշտեց իր հոր պաշտած կուռքերը, երկրպագեց նրանց,
22 լքեց Տիրոջը՝ իր հայրերի Աստծուն, չգնաց Տիրոջ ճանապարհներով։
23 Ամովնի ծառաները նրա դեմ դավ նյութեցին ու արքային սպանեցին իր տան մեջ։
24 Բայց ժողովուրդը կոտորեց Ամովն արքային սպանողներին և նրա փոխարեն թագավոր նստեցրեց նրա որդուն՝ Հովսիային։
25 Ամովնի մնացած գործերը նկարագրված են Հուդայի թագավորների ժամանակագրության մեջ։
26 Ամովնը գնաց իր նախնիների գիրկը, և նրան թաղեցին իր գերեզմանում՝ Օզայի պարտեզում։ Նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Հովսիան։